Թալիբները ռազմական օպերացիա են սկսել Փանջշերում դիմակայության դեմ, հաղորդում է Bakhtar News Agency-ն։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ անցկացված օպերացիայի ընթացքում սպանվել է 9 զինյալ, այդ թվում երկու դաշտային հրամանատար, մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել։
Չորեքշաբթի ազգային դիմակայության ուժերը հերքել են թալիբների կողմից 6 դիրքերի գրավման մասին տեղեկությունը։
Ազգային դիմակայության ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշթին հայտնել է, որ թալիբները մի քանի հարձակում են իրականացրել Փանջշերում, սակայն հետ են մղվել։ Նրա խոսքով՝ սպանվել է առնվազն 40 թալիբ, եւս 35-ը վիրավոր է։
Դաշթին հավելել է, որ ծայրահեղականները մարտական գործողություններ են իրականացնում Փանջշերի հարեւան Բաղլան նահանգում։
Օգոստոսի 15-ին երկրի նախագահ Աշրաֆ Ղանին դադարեցրել է լիազորություններն ու լքել երկիրը, իսկ Թալիբանի գրոհայիններն առանց մարտի մտել են Քաբուլ։





























