Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմ չեմ կանխատեսում, սակայն տեղային պատերազմի հավանականություն կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
«Ալիեւն ասում էր , որ ուժով կգրավի տարածքները։ Կան բազմաթիվ գրավոր եւ բանավոր պայմանավորվածություններ։ Այս մասին է խոսում Ալիեւը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է, տեղավորվում է պայմանավորվածությունների տրամաբանության մեջ։ Նա ասում ՝ պետք է հասնել միջանցքի բացման։ Դա է Թուրքիայի պայմանը, որը օգնեց նրան վերջին պատերազմի ժամանակ»,-նշեց նա։
Հակոբյանի խոսքով՝ թշնամին կարող է օգտվել հայկական կողմի այսօրվա վիճակից եւ առաջ գալ։ «Դա այն է, ինչը մենք չարեցինք 1994 թվականին, երբ դիմեցինք անմիտ փաստաթղթի ստորագրման»,-հավելեց Հակոբյանը։
Նա ընդդիմությանը միավորման կոչ արեց։
Նա անթույլատրելի է համարում խորհրդարանում իշխանության պահվածքը․ «Նրանք ընդդիմության դեմ տեռոր են կազմակերպում, եւ ընդդիմությունը պետք է բոյկոտի խորհրդարանի աշխատանքը, այդ թվում հանձնաժողովների աշխատանքը, քանի դեռ համապատասխան քաղաքական-իրավական գնահատական չի տրվել»։




























