Գորիս-Կապան ճանապարհի խնդրի հարցով կարելի է Հայաստան-Իրան-Ռուսաստան ձեւաչափ ստեղծել։ Այդ խնդրով հետաքրքրված է Ռուսաստանը, որը փաստացի հսկում է այդ ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշեց, որ այդ հարցով հետաքրքրված է նաեւ ԵՄ-ն, որը ցանկանում է, որպեսզի ձեւավորվի Սեւ ծովը Պարսցի ծոցի հետ կապող նախագիծը։ Պատահական չէ, որ ավելի վաղ տրամադրված գումարը (2,6 մլրդ եվրո,-խմբ․) հատկացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության համար։
«Կա շատ կարեւոր հանգամանք։ Անկասկած, Իրանին մտահոգում է այդ ճանապարհին ստեղծված իրավիճակը, սակայն իրանցիները տրամաբանական մոտեցում են ցուցաբերում․ եթե Հայաստանին չի մտահոգում, ապա ինչո՞ւ պետք է մտահոգի Իրանին։ Այլ հարց է, եթե մենք այդ հարցով սկսենք զբաղվել, ատամ ցույց տանք թշնամուն, ապա, անկասկած, կգտնվեն դաշնակիցներ։ Սակայն երբ Երեւանը պաշտպանական մակարդակով լռում է, հասկանալի է, որ մեր դաշնակիցներն ու բարեկամական երկրները չեն ընդունի եւ չեն հասկանա այդ մոտեցումը։ Եթե հարցին գլոբալ նայենք, ապա այդ ճանապարհն ունի կարեւոր նշանակություն իրանցիների համար։ Այն կապում է ոչ միայն Երեւանին եւ Թեհրանին, այլ Իրանի տարածքը ԵՏՄ տարածքի հետ, եւ այդ առումով խնդիրը դուրս է գալիս հայ-իրանական օրակարգից եւ անցնում Իրան-ԵՏՄ մակարդակ։ Այդ պատճառով դա որոշ չափով եռակողմ խնդիր է։ Օրինակ, Իրանում փորձագիտական շրջանակը զարմացած է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հաղթանակ տարավ ընտրություններում։ Նրանք զարմացած են, որ այդ ամենից հետո հասարակությունը նրա օգտին քվեարկեց։ Երբ հարց է հնչում, թե ինչու չի գործում Գորիս-Կապան ճանապարհը, պոպուլիստական փաստարկներ են բերվում․ կա գրունտային, սակայն այլընտրանքային ճանապարհ։ Իսկ եթե պատկերացնենք վատագույն սցենար՝ այդ ճանապարհի լրիվ փակում։ Այսինքն՝ մենք կունենանք գրունտային այլընտրանքային ճանապարհ, որը Սյունիքը կկապի Հայաստանի մնացած մասի հետ, իսկ Հայաստանը՝ Իրանի հետ։ Այդ ճանապարհը բարդ ռելիեֆ ունի։ Այդ ամենը պետք է հաշվի առնելով եւ առաջ տանել Հայաստանի շահերը»,-ասաց Ոսկանյանը։




























