Երկուշաբթի Ազգային դիմադրության ճակատը (ԱԴՃ) աֆղանստանյան Փանջշեր նահանգում հերքել է «Թալիբան» շարժման հայտարարությունը տարածաշրջանն իր վերահսկողության տակ վերցնելու մասին եւ հայտարարել է, որ շարունակելու է դիմակայել թալիբներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Թալիբանի» հայտարարությունը Փանջշերը գրավելու մասին սուտ է։ Մենք հավաստիացնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ պայքարը «Թալիբանի» ու նրա համախոհների դեմ կշարունակվի, մինչեւ որ վերականգնվեն արդարությունն ու ազատությունը»,- ասվում է ԱԴՃ-ի թվիթերյան հաղորդագրությունում։

Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել էր, որ շարժումը լիովին իր վերահսկողության տակ է վերցրել Փանջշեր նահանգը (վերջինը երկրում, որը չի ենթարկվել զինյալներին)։

«Թալիբան» շարժումը Աֆղանստանի հանդեպ վերահսկողության հաստատման խոշոր գործողություն է ծավալել՝ գարնանը երկրից իր զինված ուժերը դուրս բերելու ԱՄՆ հայտարարությունից հետո։ Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին վայր դրեց լիազորությունները եւ հեռացավ երկրից, իսկ «Թալիբանի» զինյալները առանց մարտի մտան Քաբուլ։

Արմատականների իշխանությանն անհամաձայն ուժերը Փանջշերում դիմադրություն կազմակերպեցին, որը գլխավորեց դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի (1953-2001) որդին՝ Ահմադ Մասուդը։ Նրան աջակցելու կոչ հնչեցրեց փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իրեն հայտարարել է պետության ղեկավարի պատոնակատար։