Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (1997-2007) Թոնի Բլերը իսլամիզմը համարում է առաջնային սպառնալիք Արեւմուտքի եւ միջազգային հանրության համար: Երկուշաբթի ելույթ ունենալով Պաշտպանական եւ անվտանգության թագավորական միավորված ծառայությունների ինստիտուտում (RUSI)՝ նա աշխարհին կոչ է արել ֆունդամենտալիստական գաղափարախոսության դեմ պայքարի միասնական մոտեցում մշակել, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Իսլամիզմը եւ՛ որպես գաղափարախոսություն, եւ՛ որպես բռնության ձեւ, առաջին կարգի սպառնալիք է մեր անվտանգության համար: Զսպման բացակայության դեպքում այս սպառնալիքը կհասնի մեզ, նույնիսկ եթե այն տեղակայցված է մեզանից շատ հեռու, ինչպես ցույց տվեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները», - ասել է Բլերը՝ հավելելով, որ, ի վերջո, իսլամիզմի նկատմամբ հաղթանակ է տարվելու «կոշտ եւ փափուկ ուժի» համադրությամբ, «ինչպես հեղափոխական կոմունիզմի» դեպքում:
«Աֆղանստանում ռեժիմի տապալումից հետո աշխարհի առաջատար երկրները պետք է միավորվեն՝ մշակելու համար [իսլամիզմի դեմ] համաձայնեցված ռազմավարություն: Նույնիսկ եթե նախնական քննարկումները հիմնականում վարում են արեւմտյան երկրները, Ռուսաստանը եւ Չինաստանը նույնպես շահագրգռված են այս գաղափարախոսության դեմ պայքարում, իսկ ամենահավատարիմ դաշնակիցներին կարող ենք գտնել մահմեդական երկրներում՝ ներառյալ Մերձավոր Արեւելքի երկրները, որոնց բնակիչները ցանկանում են ազատել իրենց կրոնը ծայրահեղականության ազդեցությունից», - նշել է նախկին վարչապետը:
Ըստ Բլերի՝ իսլամիզմի խնդրի այլընտրանքային տեսակետը ենթադրում է, որ այն երկրորդ կարգի սպառնալիք է, եւ անհրաժեշտ է պայքարել դրա ամենավտանգավոր դրսեւորումների դեմ՝ հատուկ ջոկատայինների կիրառմամբ, անօդաչուների կետային հարվածներով եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով:
Նա ընդգծել է, որ նման ռազմավարությունն ունի մի շարք սահմանափակումներ, եւ մատնանշել, որ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն վկայում այն մասին, որ տեղի բնակչությունը նախընտրում է թալիբների իշխանությունը լիբերալ ժողովրդավարությունից: Նախկին վարչապետը խնդրի նկատմամբ հիբրիդային մոտեցումների իրականացմանը լուրջ խոչընդոտ է համարում արտերկրում տեղակայված զինվորականների շրջանում զոհերից խուսափելու` Արեւմուտքի ձգտումը:
«Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար կան նաեւ լրացուցիչ մարտահրավեր: Պարզ դարձավ, որ Ամերիկան որոշել է հնարավորինս սահմանափակել ռազմական գործողությունները տեսանելի ապագայում», - ասել է Բլերը: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին եւ եվրոպական երկրներին անհրաժեշտ է գործելու ունակություն առանց ԱՄՆ-ի, քանի որ իրենք առաջինն են բախվելու իսլամիզմի ստեղծած մարտահրավերներին, այդ թվում՝ միգրացիայի խնդրին:





























