Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցերը դեռեւս լուծված չեն, եւ արցախյան կողմի բոլոր ակնկալիքները տարիներ առաջ հայտարարված սկզբունքների հիման վրա կարգավորմանն են ուղղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաեւի հանդիպմանը:
Ավանեսյանի դիտարկմամբ՝ հենց այս համատեքստում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից Արցախի իշխանությունների ակնկալիքները:
«Թեեւ շատ լավ գիտակցում ենք, որ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքն արդեն իսկ խախտվել է»,- միաժամանակ նկատեց Ավանեսյանը:
Արցախի նախագահի խոսնակը շեշտեց, որ կարգավիճակի վերջնական հստակեցման տեսանկյունից Արցախը չի կարող որեւէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:





























