Թուրքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում այն պայմաններում, երբ Հայաստանում գործում է ներքին թշնամին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Գեւորգ Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի բնակիչներին հատուկ են մոլորեցնում, աստիճանաբար հանում միմյանց դեմ։ «Չնայած առկա ներքին տարաձայնություններին՝ չպետք է մոռանալ, որ մենք ունենք նաեւ արտաքին թշնամի»,-ասաց Գեւորգյանը՝ ուշադրություն դարձնելով նրան, որ քանի դեռ հայերը միմյանց դեմ են պայքարում, թշնամին շարունակում է ավելացնել ուժերն ու զարգանալ՝ համատեղ ադրբեջանաթուրքական զորավարժություններ անցկացնելով։
Փորձագետը հիշեցրեց, որ Քաշաթաղը գտնվում է Լաչինի միջանցքից ոչ հեռու։ Թշնամին, նրա պնդմամբ, պատրաստվում է ավելի զանգվածային հարվածի։ «Թշնամին ուսումնասիրում է տեղանքը, ծանոթանում հնարավոր խնդիրների , խոչընդոտների հետ։ Թշնամին ցանկանում է հասկանալ՝ ինչ հաջողությունների կարող է հասնել այս կամ այն պայմաններում, այս կամ այն իրադարձությունների զարգացման դեպքում»,-պարզաբանեց Գեւորգյանը։





























