Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, սեպտեմբերի 10-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին կրկին առաջարկեց Արցախի հիմնախնդիրներով մշտական խորհրդարանական հանձնաժողով ձեւավորել:
Ընդդիմության կարծիքով, որը հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյան, հանձնաժողովի ստեղծումը յուրատեսակ ուղերձ կդառնա Հայաստանի հարեւանների, մասնավորապես՝ Ադրբեջանի համար: Խորհրդարանականը կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը Բաքվին կհասկացնի, որ Արցախի հարցը շարունակում է գերակա առաջնահերթություններից մեկը մնալ Հայաստանի համար:
«Հաշվի առնելով մեր հարեւանների ագրեսիվ դիրքորոշումն այս հարցում, ավելի ճիշտ կլիներ, եթե մենք հենց այս փուլում Արցախի հարցերով առանձին խորհրդարանական հանձնաժողով ստեղծեինք: Բայց ինչ-ինչ պատճառներով մենք դա դեռ չենք արել: Չենք արել ինչ-որ անհիմն փաստարկների պատճառով»,- պարզաբանեց Վարդանյանը:
Այնուամենայնիվ, իշխող մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ կարծիքի էր: Այդպես, պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովները լիարժեք կերպով համագործակցում եւ փոխգործակցում են հատուկ այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում, որը պարտավոր է տարեկան առնվազն 2 անգամ երկու հայկական հանրապետությունների խորհրդարանականների հանդիպումներ կազմակերպել: . Իսկ մշտական հանձնաժողովի ստեղծումը, ըստ Խաչատրյանի եւ իշխող մեծամասնությունը ներկայացնող մի շարք այլ պատգամավորների, կնվազեցնի միջգերատեսչական հանձնաժողովի եւ երկկողմ համագործակցության կարեւորությունը:
Բավական երկար ու բուռն քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը՝ ի դեմս իշխող կուսակցության, ըստ էության, բացասական եզրակացություն տվեց ընդդիմության առաջարկած նախաձեռնությանը: Այդպես, չորս պատգամավոր կողմ հանդես եկավ նախաձեռնությանը, իսկ յոթը ձեռնպահ մնաց:





























