Ես, անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչու էր պետք թվարկել այս հնարած տեսարանները: Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը, ով պատմում էր Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ գերիների գործերի իրական վիճակի մասին:
Մկրտչյանը, մասնավորապես, հերքեց գործող իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունները: Այսպես, նրա խոսքով, իշխանության որոշ ներկայացուցիչներ ուղղակիորեն հայտարարել են, որ հայ գերիները կարող են մի փոքր սպասել իրենց ազատ արձակմանը: Միեւնույն ժամանակ, պնդել են, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերին ավելի լավ են պահում, քան Հայաստանում:
«Սա լկտի սուտ է»,- ասաց Մկրտչյանը` նման հայտարարությունները ցինիզմ անվանելով:
Նա պատգամավորներին եւ հասարակությանը ներկայացրեց գործերի իրական վիճակը` հատվածներ հնչեցնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անցկացրած հետաքննությունից:
Պատգամավորը ներկայացրեց սրտաճմլիկ տեսարաններ, մատնանշեց գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց իրավունքների ու արժանապատվության ոտնահարման դեպքեր:
Երբ Մկրտչյանն ամփոփեց, դահլիճից անմիջապես լսվեց կնոջ ձայն. «Ծնողները բողոքում են, որ դուք նման բաներ եք ասում»:
Դահլիճից բղավոցին անմիջապես արձագանքեց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:
«Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչու է պետք թվարկել այս հնարած տեսարանները»,- ասաց Սիմոնյանը:
Այնուհետեւ Մկրտչյանը հետաքրքրքվեց, թե ինչու է ԱԺ նախագահն իրեն թույլ տալիս մեկնաբանել իր ելույթը:
«Գրքեր կարդա եւ կհասկանաս»,- անփույթ ասաց Սիմոնյանը՝ առանց նույնիսկ հայացքը թեքելու:





























