Հոկտեմբերին Երեւանում տեղի է ունենալու հայ-ռուսական «Արդյունաբերական ինովացիա» ցուցահանդեսը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը՝ ավելացնելով, որ նման միջոցառումը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին։

«Այս ցուցահանդեսը կարող է պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք այսօր դրվում են, եւ որոնք ճգնաժամի պարագայում հնարավոր է լուծել նոր տեխնոլոգիաների միջոցով»,- ասաց Կրիվոպուսկովը։
Նրա խոսքով՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, ցուցահանդեսի մասնակիցների թիվը կավելանա։

«Այս տարի ընդլայնվելու է գործարարների մասնակցության աշխարհագրությունը եւ թիվը, ինչը կապված է նախ եւ առաջ Ռուսաստանի շրջանների եւ Հայաստանի մարզերի համագործակցությամբ»,- ասաց Կրիվոպուսկովը։