Ֆրանսիա-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամը լրջորեն կազդի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը որոշելու գործում, սակայն չի հանգեցնի Ատլանտյան միությունից ելքին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«ՆԱՏՕ-ն նախաձեռնել է քննարկում հանրապետության նախագահի խնդրանքով հայեցակարգի շուրջ: ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ Մադրիդում աշխատանք կտարվի նոր ռազմավարական հայեցակարգի շուրջ: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, կազդի դրա ընթացքի վրա»,-Ֆրանս Պրեսսը մեջբերում է նախարարին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ավստրալիայի հետ պայմանագիրը խզելու իրավիճակը վկայում է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ճգնաժամի մասին:
Ուրբաթ Լը Դրիանը հայտնել է Փարիզի կողմից ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին Կանբերայի հետ սուզանավերի վերաբերյալ պայմանագիրը խզելու պատճառով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ հետ է կանչում իր դեսպաններին ԱՄՆ-ից ու Ավստրալիայից:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը սերտ կապի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ եւ մտադիր է առաջիկա օրերը նվիրել տարաձայնությունները հարթելուն:
Ավելի վաղ Ավստրալիան գործընկերային հարաբերություններ էր հաստատել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում (AUKUS) եւ հայտարարել էր ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին: 56 միլիորդ եվրո արժողության համաձայնագիրը, որն անվանել էին «դարի պայմանագիր», նախատեսում էր Barracuda դասրի 12 հարվածային սուզանավերի կառուցում: Ֆրանսիայի ԱԳՆ Լը Դրիանն անվանել է Ավստրալիայի որոշումը «հարված մեջքին»՝ ընդգծելով, որ վստահությունը խաթարված է: Փարիզը պարզաբանումներ է ակնկալում ինչպես Ավստրալիայից, այնպես էլ ԱՄՆ-ից:





























