Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը թեհրանահայ համայնքի ազգային կառույցների եւ հասարակության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությանը, դրան ընդդիմանալու դրսեւորումներն անվանել է «էժանագին հայրենասիրության խաղ կամ կեղծ սոցիալիզմ»: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությանն ընդդիմանում են բազմահազար մտավորականներ, քաղաքագետներ, մշակույթի գործիչներ, քաղաքական ուժեր եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Այս կապակցությամբ Թեհրանում լույս տեսնող «Ալիք» թերթի անունից Արմինե Էլիազյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Պրն. նախարար, չմոռանանք շեշտել, որ հենց հարցի պատասխանի սկզբում դուք, երեւի Ձեզ նախապես ապահովագրելու համար, շեշտեցիք, որ մամուլը, միտումնավոր կամ հիմա ոչ-միտումնավոր, աղավաղել է Ձեր ներկայացրած առաջարկների փաթեթը: Չէ՞ք կարծում, որ մի փոքր շատ են Ձեր ազգապահպանման հիմքերը խարխլող նախագծին ընդդիմացողները, որն անցնում է ե՛ւ մամուլի աղավաղումների սահմանագիծը, ե՛ւ „էժանագին հայրենասերներ“-ի ձեւակերպումները եւ կեղծ սոցիալիզմ խաղացողների „բանակ“-ը:
Իսկ ի՞նչ կասեք այս դեպքում, երբ բուռն ընդդիմախոսը ո՛չ ավել, ո՛չ պակաս Հասմիկ Նաւասարդյանն է՝ Հանրապետական կուսակցության հիմնադիր (որի անդամ եք նաեւ դուք) լուսահոգի Աշոտ Նաւասարդյանի այրին, որը մայիսի 22-ին „Անկախ“ լրատվական կայէջքում տպագրված հոդվածում շեշտում է. „Աշոտը չէր հանդուրժի օտարալեզու դպրոցները“ եւ ցավով աւելացնում. „Աշոտ, կպատկերացնեի՞ր, որ ամբողջ կյանքդ կնվիրես Հայաստանի անկախությանը, 13 տարի բանտերում կանցկացնես՝ հանուն անկախության, ու քո մահից 13 տարի անց քո ստեղծած կուսակցությունը օտարալեզու դպրոցներ կբացի ու քո վաստակը ջուրը կգցի“:
Ահավասիկ, սա Ձեր իսկ կուսակցության կարկառուն հիմնադիրներից մեկի այրու սրտի ցասումն է, որին դժվար թե հնարավոր լինի դասել էժանագին հայրենասիրություն խաղացողների շարքը:
Այնպէս որ՝ սթափվեք, եւ կխնդրեինք Ձեզ, որպես նաեւ իրավատերը ազգապահպանման կռվանի, զգույշ լինեք Ձեր արտահայտություններում, քանզի դրանք հիասթափեցնող են, որովհետեւ այնքանով է հարուստ այն մարդկանց կենսափորձը, որոնց դուք անվանում եք էժանագին հայրենասիրություն խաղացողներ, որ այդ կենսափորձը որեւէ տարակուսանքի ենթակա չէ:
Հուսով ենք, որ Ձեր կողմից որակված էժանագին հայրենասիրություն խաղացողների բանակի գաղափարախոսությունը կհաղթի»:



























