Հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները կմասնակցեն 2010 թվականի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որը տեղի կունենա Ամստերդամում մայիսի 25-27-ը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարզազրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը՝ ավելացնելով, որ համաշխարհային կոնգրեսին հայաստանյան պատվիրակության կազմում կլինեն հայկական 6 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Essential Solutions, UITE-Expo, ԻՏՁՄ, Նորք տեղեկատվա-վերլուծական կենտրոնը, ինչպես նաեւ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը։
«Համաշխարհային կոնգրեսին մասնակցելը ՏՏ ոլորտի հայ ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ համաշխարհային զարգացումներին, այլեւ մասնակցել տարբեր քննարկումների եւ արդյունավետ բիզնես հանդիպումներ ունենալ»,- ասաց ԻՏՁՄ կառավարման խորհրդատուն։
Հովսեփյանի խոսքով՝ Ամստերդամում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների միության (WITSA) տարեկան ժողովին, նախագահի եւ վարչության անդամների ընտրություններին։
Տեղեկացնենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն առաջատար համաշխարհային ՏՀՏ համաժողով է, որը համախմբում է ոլորտի մոտավորապես 2000 առաջատարների, պետական պաշտոնյաների և գիտնականների՝ ավելի քան 80 երկրներից:


























