Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սուր քննադատության է ենթարկել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը։ Ահմադինեժադը հայտարարել է, որ տարբեր երկրների՝ միմյանց հանդեպ ունեցած դիրքորոշումները կմնան նրանց պատմական հիշողության մեջ եւ կազդեն հետագա հարաբերությունների վրա, հայտնում է INFOX.ru-ն։

«Հնարավոր է՝ իրարից հեռու գտնվող երկրներին հեշտ է փոխել դիրքորոշումները, բայց դա այնքան էլ հեշտ չէ, երբ այդ երկրները հարեւաններ են»,- ասել է Իրանի նախագահը։

Ահմադինեժադը ընդգծել է, որ Իրանը «երբեք չի գործել ռուս ժողովրդի դեմ»:

Նշելով, որ Իրանը Ռուսաստանի «մեծագույն եւ անկեղծ» բարեկամն է, Ահմադինեժադն ասել է, որ «Ռուսաստանի ներկայացուցիչների փոխարեն ես իմ խոսքերում եւ գործողություններում ավելի զգույշ կլինեի»: Նա կրկին ընդգծել է, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի եւ Բրազիլիայի հետ ստորագրած հռչակագիրը Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման նոր ճանապարհ է բացում։ Ահմադինեժադն այլ մանրամասներ չի հայտնել։

Թեհրանյան հռչակագիրը ստորագրվել է Ահամադինեժադի, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի կողմից։ Փաստաթղթով Իրանը համաձայնել է քիչ հարստացված 1,2 տոննա ուրանը ամբողջությամբ հարստացնելու համար ուղարկել Թուրքիա։