«ԲարՔեմփ Երեւան 2010»-ը տեղի է ունենալու հունիսի 5-6ը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց միջոցառման կազմակերպիչներից Ալեքսեյ Չալաբյանը՝ ավելացնելով, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս «ԲարՔեմփ»-ը իր շուրջը կհավաքի բլոգերների, նոր մեդայի, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, լրագրողների, լրագրության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև ինտերնետը եւ նոր տեխնոլոգիաները իրենց աշխատանքում օգտագործելու հարցում հետաքրքրված բոլոր մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին:
""ԲարՔեմփ" սովորաբար անվանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով խորհրդաժողովները, այսինքն՝ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում",- ասաց Չալաբյանը՝ ավելացնելով, որ նման միջոցառումները հատկապես կարեւոր են փորձի փոխանակման, գիտելիքներով կիսվելու եւ նոր գաղափարների մշակման համար։
Չալաբյանի խոսքով՝ «ԲարՔեմփ»-ում շնորհանդեսները կոնկրետ նախորոշված չեն, իսկ քննարկվող թեմաներն էլ տարբեր են։
«Այս տարի նախատեսում ենք ունենալ քննարկումների միաժամանակ 4 հոսք, որտեղ կներկայացվեն նեղ մասնագիտական թեմաներից մինչեւ ինտերնետի եւ տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտին վերաբերող լայն քննարկման համար նախատեսված թեմաներ»,- ասաց Չալաբյանը՝ ավելացնելով, թե նախատեսվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվեն 400 եւ ավելի մասնակիցներ։
Նշենք, որ «ԲարՔեմփ»-ը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիկոնային հովտում, որն հետո լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։
Տեղեկացնենք, որ առաջին «ԲարՔեմփ Երեւանը» Հայաստանում տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 17-19-ը։


























