Մայիսի 28-ին, ժամը 17-ին, Սիրահարների պուրակում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթն ունի ռազմական բնույթ: Այս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները եւ սերվերին ուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ եւ չափեր (չափերը 30×30սմ, քաշը 10 կգ): Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջեւ դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
«Ական փնտրող ռոբոտ» մրցույթին մասնակցելու են 15 թիմ, մրցույթն առանց տարիքային սահմանափակման է: Վերջին 4 ամսվա ընթացքում անց են կացվել նախնական մրցույթներ, որոնց ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծած եւ պատրաստած ռոբոտները եւ ստացել գնահատականներ, ինչն էլ իրենց պետք կգա եզրափակիչ փուլի ընթացքում: Առաջին տեղի մրցանակը կազմում է 300.000 դրամ, երկրորդը` 200.000, իսկ երրորդը` 100.000 դրամ:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը եւ աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:


























