Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանը երկրում վատ առողջության մասին աղմուկ հանած հրապարակման ֆոնին իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում բասկետբոլ է խաղում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Foreign Policy պարբերականը հրապարակել էր նյութ, որում պնդում էր, որ Էրդողանի մասնակցությամբ վերջին շրջանի տեսանյութերում նա ոչ այնքան լավ տեսք ունի: Այսպես, հոդվածի հեղինակի կարծիքով՝ տեսանյութերից մեկում նա ունի իր տիկնոջ օգնության կարիքը աստիճաններն անցնելիս: Մյուսում նա, իբրեւ, դժվարություններ ունի Աթաթյուրքի դամբարան գնալիս: Երրորդում Էրդողանը չափազանց դժվար է արտաբերում բառերը:

Թուրքիայի առաջնորդի կողմից տեղադրված տեսանյութում նա բասկետբոլ է խաղում 15 համարն ու «Ռ.Թայիփ Էրդողան» գրառումը կրող շապիկով իր հասակակիցների հետ: Ընդ որում՝ Թուրքիայի նախագահը ներկայանում է որպես թիմի ավագ եւ խրախուսում իր գործընկերներին:

Խաղի վերջում նա հետաքրքրվում է՝ քանի՞ միավոր է պարգեւել թիմին եւ լսելով «27» պատասխանը՝ ուրախությամբ մեկնաբանում՝ «Հիանալի է»:

Էրդողանը տեսանյութին կից գրել է. «Առողջության համար կարեւոր է սպորտով զբաղվել, եւ ես շաբաթական երեք անգամ անում եմ դա: Շարժումը երջանկություն է»: