Մենք պատրաստակամություն ենք հայտնել սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Իմ կարծիքով՝ պետք է սկսել դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումից։ Գերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց արագ վերադարձը շատ կարեւոր հարց է։ Այս մասին հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման նախաշեմին ես պատրաստ եմ վերցնել ինձ հետ բոլոր քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում, չունեն անվտանգության գործառույթ Հայաստանի համար, հույս հայտնելով, որ Ադրբեջանի նախագահը իր հետ կբերի ռազմագերիներին, պատանդներին  եւ պահվող մյուս անձանց։

Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերման փաստը պաշտոնապես հաստատված է, այլեւ մեր այն քաղաքացիներին, որոնք, մեր տեղեկատվությամբ, գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերվելու փաստը չի հաստատված։

Մենք պետք է հետեւողական լինենք մեր ընդունած օրակարգում, ինչպես նաեւ պետք է մանրամասնենք մեր գաղափարները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ։ Այս առումով տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը շատ կարեւոր է։ Անհրաժեշտ է ընդունել հաղորդակցությունների ապաշրջափակման սցենարներ, որոնք չեն խորացնի տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների մեկուսացումը միմյանցից, այլ, ընդհակառակը, կստեղծեն պայմաններ նրանց խաղաղ գոյակցության համար։ Ինձ համար հաճելի է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստորեն սկսել են ակտիվացնել իրենց գործունեությունը։ Այս համատեքստում դրական եմ գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Նյու Յորքում։ Խաղաղ զարգացման դարաշրջանի բացման օրակարգի իրականացումը հեշտ չէ։ Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ խաղաղությունն այընտրանք չունի։ Այս օրակարգը քայլ քայլի հետեւից պետք է կենսագործվի»,- ավելացրել է Փաշինյանը։