Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Բաքվի եւ Երեւանի հետ, փոխանցում է IRNA-ն: Սաիդ Խաթիբզադեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը որեւէ երկրի հետ չի հակասում որեւէ այլ պետության:

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Թեհրան կատարած այցին` մամուլի քարտուղարը նշել է, որ այցն արդեն պլանավորված էր եւ տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ:

Միրզոյանը հոկտեմբերի 4-ին ժամանել է Թեհրան` իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիրաբդոլլահիանի հետ երկկողմ եւ տարածաշրջանային կարեւոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար:

Խոսելով Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ ահաբեկիչների առկայության մասին` ներկայացուցիչն ասաց, որ Իրանն այդ հաղորդագրությունները ստացել է պատերազմի հենց սկզբից: Նա ընդգծեց, որ այդ բոլոր զեկույցները Թեհրանը փոխանցել է Բաքվի իր գործընկերներին:

Իրանը վերջին ամիսներին միշտ սկզբունքային քաղաքականություն է վարել, ասաց Խաթիբզադեն՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը Բաքվի իր գործընկերներին ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը եւ օգնել է իր հյուսիսարեւմտյան հարեւանին պահպանել դրանք:

Նա միաժամանակ նշել է, որ Բաքուն չպետք է թույլ տա, որ երրորդ կողմը չարաշահի իր սահմաններն ու հողը:

Նրա խոսքով` Իրանը լավ գիտի` ինչպես պաշտպանել իր անվտանգությունը, սակայն Ադրբեջանը պետք է կատարի իր ինքնիշխան պարտականությունները:

Նաեւ, անդրադառնալով Ադրբեջանում իրանցի վարորդների ձերբակալությանը, Խաթիբզադեն նշել է, որ Իրանն իր վարորդների նկատմամբ վարքագիծ բարիդրացիական չի համարում:

Նա հավելել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք պետք է ավելի զգույշ վերաբերվեն իրենց սահմանապահների պահվածքին Իրանի քաղաքացիների նկատմամբ: