Չինաստանի եւ Թայվանի միջեւ ռազմական լարվածությունը չորս տասնամյակում գագաթնակետին է հասել, նախազգուշացրել է կղզու պաշտպանության նախարար Չիու Գոչենգը՝ հավելելով, որ Պեկինը կարող է «լայնածավալ ներխուժում սկսել 2025 թվականին», հաղորդում է AFP-ն:
Պաշտպանության նախարարն իր գնահատականն է ներկայացրել այն բանից հետո, երբ ուրբաթ օրվանից Թայվանի երկնքով շուրջ 150 չինական մարտական ինքնաթիռ է թռել:
«Զինվորականների համար ներկայիս իրավիճակը ամենամռայլն է իմ ծառայության ավելի քան 40 տարվա ընթացքում»,- ասել է Չիուն խորհրդարանում: Նա նախազգուշացրել է, որ նույնիսկ «աննշան անփութությունը» կամ «սխալ հաշվարկը» կարող են ճգնաժամ առաջացնել, եւ որ Չինաստանը «չորս տարի հետո կարող է կղզի ներխուժել»: «Այժմ դա հնարավոր է, բայց անհրաժեշտ է հաշվարկել, թե որքան կարժենա դա եւ ինչ արդյունքի է ուզում հասնել»,- ասել է Չիուն: «2025 թվականից հետո ծախսերն ու կորուստները կնվազեցվեն մինչեւ նվազագույն»,- հավելել է նա՝ մանրամասներ չներկայացնելով։
«Չինաստանի կողմից ձեռնարկված գործողությունները լրջորեն խափանել են տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը»,- ասել է Թայվանի նախագահ Ցայ Ինվենը։ «Ուզում եմ Պեկինի իշխանություններին ասել, որ նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն՝ սխալ հաշվարկների կամ դժբախտ պատահարների պատճառով հնարավոր հակամարտություններից խուսափելու համար»:
Ինվենը վերջերս հայտարարել է, որ Թայվանը «հնարավոր ամեն ինչ կանի» սպառնալիքներից պաշտպանվելու համար, սակայն ձգտում է Չինաստանի հետ խաղաղ համակեցության:




























