Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքների հետ կապված խնդիրը, որը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, կքննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ միասին: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն, ըստ էության, չեն խոսում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի մասի օկուպացիայի մասին: Ավելին, իշխանամետ քաղաքական գործիչները, ըստ նրա, պնդում են, որ չարժե այդ մասին անընդհատ խոսել:
«Նախկին ԼՂԻՄ-ի այն տարածքների թեման, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մեր օրակարգում է, եւ այդ մասին մենք խոսում ենք միջազգային տարբեր հարթակներում»,- ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով, այս խնդիրը, ենթադրաբար, կքննարկվի բանակցային գործընթացի որոշակի փուլում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ մեկտեղ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը համաձայն է այն կարծիքի հետ, որ այս հարցը պետք չէ անընդհատ բարձրացնել, քանի որ դա «բարենպաստ պայմաններ չի ստեղծի լուրջ բովանդակային քննարկումների համար եւ չի նպաստի նշված խնդրի լուծմանը»։
«Ընդհակառակը, դրա պատճառով նոր սպառնալիքներ եւ ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար»,- պարզաբանեց նախարարը:




























