Իրանի իսլամական հանրապետության կրթական գերատեսչությունը պատրաստ է ճանաչել Հայաստանի երեք պետական բուհերի՝ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ավարտական դիպլոմները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա մայիսի 21-25-ը Իրանի կրթության եւ տեխնոլոգիաների նախարարի հրավերով Իրանում էր: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Իրանի ԿԳ նախարարությունը հայտարարել էր, թե չի ճանաչում Հայաստանի պետական բուհերի դիպլոմներն ու որպես պատճառաբանություն նշել էր ուսուցման ցածր մակարդակը։ Դիպլոմների ճանաչման վերաբերյալ Հայաստանի եւ Իրանի կրթության նախարարների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն։ Հարցը պետք է լուծվի մինչեւ ուսումնական տարվա սկիզբը՝ այս տարվա սեպտեմբեր ամիսը։ «Քաղաքական որոշում դիպլոմների ճանաչման վերաբերյալ արդեն ընդունված է, մնում է դրան իրավական ձեւակերպում տալը»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է նախարարը՝ հավաստիացնելով, որ Իրանից առաջիկայում համապատասխան պաշտոնյաններ կայցելեն Հայաստան՝ փաստաթղթերը ստորագրելու:

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնավոր բուհերի դիպլոմները Իրանի կողմից ճանաչելու խնդրին, ապա այս մասին ԿԳ նախարարը ոչինչ չասաց, պատճառաբանելով, որ իրավասու է խոսել միայն պետական բուհերից:

Նախարարն իր այցն ընդհանուր առմամբ արդյունավետ համարեց. պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-ական մագիստրոսական եւ ասպիրանտական տեղեր ու կրթաթոշակներ հատկացնել այն հայ ուսանողներին, ովքեր իրենց ուսումը պետք է շարունակեն Իրանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Իրանում հայագիտական կենտրոն հիմնելու մասին։

Այցի ընթացքում Արմեն Աշոտյանն այցելել է Իրանի մի շարք հեղինակավոր բուհեր՝ Ամիր Քաբիրի անվան պետական համալսարան, «Ազատ» համալսարան, որն ունի 1,5 միլիոն ուսանող, հանդիպել է հայ համայնքի հետ։ Հայ պաշտոնյային ընդունել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։