Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի ազատ արձակեն հայ ռազմագերիներին: Այս մասին ասվում է ուրբաթ Բասկերի երկրի տարածաշրջանային խորհրդարանի ընդունած բանաձեւի մեջ:
Պատգամավոր Օյհանա Էչեվարիետա-Լեգրանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարում հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի դրույթը. «Ադրբեջանական կողմը պետք է պահպանի հրադադարը եւ հրաժարվի հայկական տարածք ներխուժելու փորձերից»:
Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը գլոբալ լուծում է պահանջում, եւ այս փուլում անհրաժեշտ է դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Ղարաբաղում: Մենք մեր համերաշխությունն ու լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանին` իր սոցիալական եւ տարածքային իրավունքների հարցում:
Բացի այդ, Բասկերի երկրի խորհրդարանը հաստատում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որում ասվում էր, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակն առանցքային հարց է, որը պետք է լուծվի քաղաքական քննարկումների միջոցով` ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:




























