Այժմ շատ կարեւոր է, որ կարողանանք շրջել այս էջը, եւ ես կարծում եմ, որ մենք կկարողանանք դա անել: Այս մասին ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատերազմից հետո հայ հասարակությունը ուշքի է եկել:
«Շատ դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկություն ես ստանում ռազմագերիների մասին, երբ հարազատները սպասում են իրենց երեխաներին, եղբայրներին, ամուսիններին: Շատ դժվար է, երբ տարածաշրջանում ամեն ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Սա մի իրավիճակ է, որը պարզապես թույլ չի տալիս մոռանալ տեղի ունեցածը», - նշել է Սիմոնյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ հայերը ցեղասպանություն վերապրված ժողովուրդ են՝ միաժամանակ նշելով, որ հայերը 90-ականներին հաղթել են պատերազմում. «Մենք ունեցել ենք ե՛ւ հաղթանակներ, ե՛ւ պարտություններ, սակայն այժմ կարեւոր է, որ կարողանանք շրջել այս էջը, եւ ես կարծում եմ, որ կկարողանանք դա անել: Ես տեսնում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Մենք հասկանում ենք, որ պետք է խաղաղություն կառուցել մեր տարածաշրջանում, մեր սերունդներին որպես ժառանգություն խաղաղ համակեցություն պետք է թողնենք: Կլինեն փոքր քայլեր, սակայն մենք կգնանք խաղաղության ուղղությամբ, քանի որ պատերազմում հաղթողներ չեն լինում. չեմ կարծում, որ Հայաստանում եւ Ադրբեջանում զոհված տղաները... այս իրավիճակը կարելի է հաղթական անվանել, քանի որ տղաներին այլեւս չենք կարող հետ բերել, ընտանիքներին դժվար է դա բացատրել: Հայաստանը նախկինում եւս ռազմական լուծման կողմնակից չի եղել, մենք միշտ ասել ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:




























