Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ՄԱԿ-ի՝ Թեհրանի դեմ պատժամիջոցներին Մոսկվայի աջակցությունն անընդունելի է։
«Ռուսաստանը պետք է անհանգստանա այն բանի համար, որպեսզի չհայտնվի Իրանի պատմական թշնամիների ցուցակում։ Մենք չենք ցանկանում մեր հարեւանին տեսնել նրանց կողքին, ովքեր երեսուն տարիների ընթացքում ամբողջ ուժով իրանի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականություն են իրականացնում։ Դա Իրանի համար բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Մոսկվան իր հերթին Ահմադինեժադին մեղադրել է «քաղաքական հետապնդումների եւ դեմագոգիայի» մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը միշտ գործել է իր ժողովրդի շահերից ելնելով։ Ինչպես նշում է «Արգումենտի ի ֆակտի»-ն, Մոսկվայի համար հեշտ չի եղել Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցներին սատարելու որոշում կայացնելը։ Դա հակասում է նրա տնտեսական շահերին։
Իրանի հանդեպ գործում են Անվտանգության խորհրդի արդեն իսկ հինգ պատժամիջոցներ։ 2006 թվականից ի վեր այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառվել են արդեն երեք անգամ։



























