ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին տեղեկատվություն չկա: Սա կարող է վկայել այն մասին, որ հայկական կողմի համար դրական տեղաշարժեր չկան: Այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ նույն սկզբունքը  կիրառելի է Փաշինյանի այլ հանդիպումների դեպքում, որոնք անցկացվել են, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Եթե դրական տեղաշարժեր լինեին, ապա դրանք հաստատ կհնչեին ցանկացած հարմար հարթակից»,-ընդգծեց Մամիջանյանը:

Դրանից ելնելով՝ Մամիջանյանի խոսքով՝ միանգամայն հնարավոր է ենթադրել, որ հայկական կողմը բանակցային գործընթացում բախվել է անհաղթահարելի խնդիրների:

«Բայց այդ խնդիրները միանգամայն կանխատեսելի էին: Հայկական կողմից հիմնական բանակցողը խոսում է խաղաղության մասին եւ ստանում պատասխան երեկվա միջադեպերի տեսքով: Հետեւաբար, խոսակցությունն այն մասին, որ Հայաստանն անվտանգ է, ավելի շատ անհեթեթության ժանրի է նման: Հիշեցնեմ, որ այս տարվա մայիսից թշնամի պետության զինված ուժերը տեղակայված են մեր երկրի տարածքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ խոսքը ոչ միայն ադրբեջանական, այլեւ Թուրքիայի զինված ուժերի մասին է»,-ասաց նա։

Մամիջանյանը համոզված է, որ ներկայիս կառավարությունից դիվանագիտական ​​ոլորտում որեւէ հաջողություն չպետք է ակնկալել, քանի որ նրանց ոչ ոք լուրջ չի վերաբերվում: