Մայիսի 26-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

"Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարասթը, պատասխանելով ԼՂ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ Իրանի տեսակետի մասին հարցին, ասել է. «Իրանը պաշտոնապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:

Նա միաժամանակ հերքելով վերոնշյալ ընտրություններում Իրանի կողմից դիտորդի մասնակցության մասին տարածված որոշ լուրերը, նշել է. «Ոչ ոք ԻԻՀ կողմից որպես դիտորդ մասնակցություն չի ունեցել Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում»:

Այս կապակցությամբ Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը գրել է. «Իսկ ո՞րն է այստեղ զավեշտը: Բանն այն է, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը` այնպես, ինչպես ներկայացված է վերը, տարածել են նաեւ իրանական պաշտոնական IRNA եւ կիսապաշտոնական FarsNews եւ MehrNews լրատվական գործակալությունները: Նրանցից ոչ մեկը իր հերթին հավելումներ թույլ չի տվել: Մինչդեռ ադրբեջանական „ԱՊԱ“ գործակալությունն, իբրեւ հղում կատարելով „IRNA“ գործակալությանը, խեղաթյուրել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերն ու կամայականորեն Իրանի իշխանությունների անունից ներկայացրել մի քանի ադրբեջանամետ քարոզչական արտահայտություններ:

Տվյալ գործելաոճով ադրբեջանական կողմը կարող է նաեւ Իրանի իշխանությունների անունից հայտարարել, որ Իրանն աստիճանաբար սկսում է ճանաչել նույնիսկ, այսպես կոչված` հյուսիային եւ հարավային Ադրբեջանների տարածքային ամբողջականությունն ու անկախությունը: Ըստ այդմ` իրանական կողմին, թերեւս, հարկավոր է ոչ արհամարական կեցվածք ընդունել նման ապատեղեկատվությունների տարածման նկատմամբ»: