ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հուլիսի 5-ին համատեղ հայտարարություն են արել` կողմերին կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության հասնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Հայտարարության մեջ ասվում է, թե համանախագահներն ու դեսպան Անջեյ Կասպշիկը հուլիսի 4-ին հանդիպել են ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության ընթացիկ կարգավիճակը:
Համանախագահները տեղեկացրել են Կազանի հանդիպման արդյունքների մասին, որտեղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են հաջորդ քայլերը, որոնք անհրաժեշտ են հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքն ավարտելու համար` որպես հիմք համընդգրկուն խաղաղ կարգավորման համար:
«Թեեւ Կազանում կողմերն ամփոփիչ համաձանության չեն հանգել հիմնարար սկզբունքների շուրջ, առաջընթաց արձանագրվել է: Կազանի հանդիպման արդյունքը, ներառյալ կողմերի հաստատումը, այն է, որ նրանք շարունակելու են կարգավորման հասնել բանակցությունների ճանապարհով, ինչը խթան է տալիս, թե կողմերը պետք է հնարավորինս արագ օգտագործեն համաձայնության հանգելու համար:
Առկա տարաձայնությունները չպետք է խանգարեն կողմերին ընդունել հիմնարար սկզբունքները եւ անցնել բանակցությունների փուլին, որի ընթացքում մշակվելու է խաղաղ պայմանագրի նախագիծը:
Ինչպես Դովիլում մայիսի 26-ին արված հայտարարության մեջ նշել են նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման, հետագա դանդաղումը միայն կասկածի տակ է դնում կողմերի` համաձայնության հանգելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները նաեւ տեղեկացրել են Մոսկվայում խորհրդակցություններ անելու ծրագրերի եւ առաջիկայում տարածաշրջան այցելելու ծրագրերի մասին:




























