ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը մեծամասամբ հասցեագրված է Ադրբեջանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, համանախագահների հայտարարության այն կետը, որ կողմերը պետք է համաձայնության գան հիմնարար սկզբունքների շուրջ, հասցեագրված է հատկապես Բաքվին, քանի որ կազանյան համաձայնագրերի ձեռքբերումը ձախողեց հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ բանակցությունները շարունակելու վերաբերյալ կոչը Բաքվին հստակորեն հասկացնում է, որ ղարաբաղյան հարցի լուծման ռազմական ճանապարհն անհնար է։ Միաժամանակ, պատգամավորը նկատեց, որ իրենց հայտարարությունները համանախագահները պետք է կոնկրետ հասցեատիրոջ ուղղեն, քանի որ հակառակն Ադրբեջանի նախագահին թույլ կտա այսուհետ եւս տապալել բանակցությունները։

«Եկել է ժամանակը, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի շատ աշխատեն Ադրբեջանի հետ»,- նկատեց պատգամավորը։

Նշենք, որ համանախագահների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Չնայած նրան, որ Կազանում կողմերը հիմնարար սկզբունքների առումով համաձայնության չեկան, սակայն առաջընթաց գրանցվեց»։