Մինսկի խմբի միջնորդների հերթական հայտարարության մեջ արտացոլված լավատեսությունն ուղղակի անհասկանալի է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաեւ տարակուսանք հայտնեց համանանախագահների հերթական հայտարարության՝ անհասցե լինելու կապակցությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ընդունումը Կազանում տապալեց հենց Բաքուն։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Բաքվի հետ ավելի շատ աշխատեն, որպեսզի նրան կառուցողական լադի բերեն եւ բանակցություններում առաջընթաց գրանցվի։ Այլապես, բանակցային գործընթացում առաջընթաց սպասել չարժե»,- ամփոփեց պատգամավորը։
Նշենք, որ համանախագահների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Չնայած նրան, որ Կազանում կողմերը հիմնարար սկզբունքների առումով համաձայնության չեկան, սակայն առաջընթաց գրանցվեց։ Կազանյան հանդիպումը իմպուլս է տալիս, որը կողմերը որքան կարելի է արագ, պետք է օգտագործեն` հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար»։
Համանախագահները նաեւ տեղեկացրել են Մոսկվայում խորհրդակցությունների անցկացման եւ մոտ ժամանակներս տարածաշրջան այցելելու վերաբերյալ։




























