ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ազգային խտրականության խնդիրը տիպական է համարում ոչ միայն առանձին տարածաշրջանների, այլ ընդհանուր առմամբ նաեւ Ռուսաստանի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք այդ հարցում խնդիրներ ունենք: Եւ այս դեպքում ես նկատի ունեմ իրավիճակն ընդհանուր առմամբ, այլ ոչ թե առանձին վերցրած որեւէ պետությունում, առանձին տարածքում, Կովկասում կամ, ընդհակառակը, Մոսկվայի կենտրոնում»,-հայտարարել է Մեդվեդեւը` հուլիսի 5-ին Նալչիկում տեղի ունեցած` Մարդու իրավունքների ժողովի քննարկման ժամանակ: Մեդվեդեւն ընդգծել է, որ ազգային խտրականությունն անթույլատրելի երեւույթ է:
ՌԴ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների ներդաշնակեցումը խրթին թեմա է ՌԴ-ի համար: «Ես ժամանակ առաջ Ուֆայում զբաղվել եմ այդ հարցով, բարձրացրել եմ այդ խնդիրները տարածաշրջանային գործիչների հետ քննարկման ժամանակ: Այսօր էլ ցանկանում եմ այդ թեմայով խոսել ձեզ հետ»,-ասել է Մեդվեդեւը: Նա նաեւ կարեւոր է համարել լրատվամիջոցների ուշադրությունն այդ խնդիրների վրա հրավիրելը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարեւոր է համարել «տեղական ինքնակառավարման ծառայությունում հավասար սկզբունքի կիրառումն ու ազգային խտրականության սկզբունքի բացառումը»:




























