Դիլիջանում կանգնեցվել է Գեորգի Դանելիայի լեգենդար կինոկատակերգության` «Միմինոյի» հերոսներին նվիրված հուշարձան: Ինչպես հաղորդում է «Միր» հեռուստաընկերությունը, այն ոչ միայն ամենաժողովրդական եւ ինտերնացիոնալ հուշարձան է, այլ նաեւ ցայտաղբյուր:
«Նրանք կանգնել են միմյանց գրկած: Արվեստը մերձեցնում է ժողովուրդներին»,-նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Հուշարձանի բացման արարողությանը պատվիրակություն էր ժամանել նաեւ Վրաստանից: «Յուրաքանչյուր վրացի, ով անցնում է այս հրաշալի քաղաքով, կանգնում է այստեղ, ջուր է խմում եւ հիշում է մեծ մարդկանց, ովքեր նկարահանվել են այդ ֆիլմում»,-համոզված է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենիգիզ Շարմանաշվիլին:
«Միմինոյի» հերոսներին նվիրված հուշարձան արդեն կա Մոսկվայում, որը կանգնեցված է Ժամանակակից արվեստի թանգարանի տարածքում:
Ինչպես հաղորդում է «Իմեդին», լեգենդար ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձան կկանգնեցվի նաեւ Թբիլիսիում:



























