NEWS.am-ը ներկայացնում է Մոսկվայի Պետական համալսարանի Տեղեկատվական - վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կարավաեւի (Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն, Ռուսաստան) վերլուծական հոդվածն այն մասին, թե ինչ դասեր պետք է քաղել հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից:

Ձախողված կազանյան հանդիպումից մեկ շաբաթ հետո Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի նախագահին հղած նամակում ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման իրավիճակի իր պատկերացումները: Տեքստի բովանդակությունը մարդկանց լայն շրջանակին հայտնի չէ, նաեւ պարզ չէ, թե Բաքուն Մեդվեդեւից նամակ ստացել է, թե ոչ: Հասկանալի է, որ Մոսկվան ձգտում է պահպանել խաղաղարար գործընթացի միջնորդի առաջատար դիրքերը (Հայաստանի արտգործնախարարը հուլիսի 5-ից 6-ը Մոսկվայում էր` ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցելու համար, հետո Մոսկվա է ժամանելու Ադրբեջանի արտգործնախարարը): Սակայն նոր խաղը ստիպված պետք է սկսել հնի բեկորների վրա:

Ասում են` նախագահ Մեդվեդեւն այնքան էր հիասթափվել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին Կազանում փաստաթուղթ չստորագրելու փաստից, որ որոշել էր հրաժարվել իր անձնական միջնորդական գործունեությունից:

Որպես կողմերի վրա ճնշում գործադրելու միջոց, այդ սպառնալիքն ընդունելի է եւ բխում է բանակցությունների մասնակիցներին մոբիլիզացնելու անհրաժեշտությունից: Մեդվեդեւն իսկապես հիմար վիճակում հայտնվեց: Ինը հանդիպում կազմակերպվել էր եռակողմ ձեւաչափով: Մեծ ութնյակի նախորդ գագաթաժողովում Մեդվեդեւի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հայտարարություն ընդունեցին` կազանյան հանդիպման ընթացքում ավարտել կարգավորման սկզբունքների համաձայնեցումը: Ոչ մի այլ հետխորհրդային հակամարտություն նախորդ երեք տարիներին այդքան չի գրավել Ռուսաստանի նախագահի ուշադրությունը, որքան ղարաբաղյանը: Այդ ամենի արդյունքում` փակուղի: Հենց այդ պատճառով բնական է, որ այժմ Մոսկվան կողմերի վրա ճնշելու միջոցներ է փնտրում: Սակայն իմ կարծիքով, խնդիրն այդքան էլ Երեւանի եւ Բաքվի անզիջողականությունը չէ: Ցավոք, Մոսկվան նախկինի նման չի կարողանում կազմակերպել համաձայնագրերի պատրաստման անհրաժեշտ խիստ ռեժիմը եւ նախնական փուլերի իրագործման վերահսկողությունը: Կազանյան անհաջողությունից կարելի է քաղել մի քանի կապակցված դասեր:

1.Անհրաժեշտ է բանակցային գործընթացի ծայրահեղ խիստ մոդերացում

Պետության ղեկավարի մակարդակով անձնական միջնորդական ջանքերն ամենեւին բավարար չեն, եթե չկա կողմերին խաղաղ սցենարին պարտադրելու հնարավորություն: Տարիներ շարունակ հակամարտող կողմերին մոտեցնելու Մոսկվայի ապարդյուն ջանքերը ձեւավորել են թյուր կարծիք, թե կողմերն ինքնուրույն պետք է պայմանավորվեն, իսկ կարգավորման հովանավորները պետք է ընդամենը հաստատեն տվյալ որոշումը: Այդ պատրանքը շատ հարմար է ռուսական ջանքերի թուլությունը քողարկելու համար: Հեշտ է ասել, թե նրանք չեն պայմանավորվում: Բոլոր ավարտված, կամ ժամանակի մեջ ձգված, բայց խաղաղ գործընթացների փորձը ցույց է տալիս արտաքին ուժի էական դերը: Ռուսաստանը չի կարող սպասել մինչեւ կպայմանավորվեն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները: Նրանք շուտ չեն պայմանավորվի: Նրանց վերնախավին պետք է կանգնեցնել հանգամանքների փաստի առաջ եւ օգնել համակերպվել:

Պետք է հանդես գալ ոչ թե մրցավարի, այլ կազմակերպչի եւ առաջատարի դերում, պարտադրել գաղափարներ եւ դրանց իրագործում: Այդ պատճառով ղարաբաղյան թեմայով քննարկումներն ավարտելու եւ գործի անցնելու կոչերը պետք է ուղղել Մոսկվային, որն իր կողմից պետք է Երեւանին եւ Բաքվին պարտադրի մադրիդյան սկզբունքների իրականացումը:

2. Բանակցությունների բաց ու թափանցիկ լինելու անհրաժեշտություն

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների առաջնորդներն արձանագրել են, որ մադրիդյան սկզբունքներով կարգավորումն իրագործելի է, ապա պետք է հստակ ասել, թե ով է մեղավոր պայմանավորվածությունների ձախողման մեջ, կամ սահմանել մասնակիցներից յուրաքանչյուրի մեղքի բաժինը: Ընդունված է կարծել, որ այդքան ուղղակի ճնշումը կարող է վնասել գործընթացին: Սակայն պետք չէ մոռանալ, որ մենք գործ չունենք մերձավորարեւելյան հակամարտության հետ: Այնտեղ կողմերից մեկը Իսրայելն է, որն աշխարհի ամենահեղինակավոր պետությունն է` համաշխարհային էլիտայում ազդեցիկ սփյուռքով, իսկ մյուս կողմում Պաղեստինն է` արաբական աշխարհի եւ Իրանի աջակցությամբ: Երեւանի եւ Բաքվի ազդեցությունը մի քանի անգամ փոքր է: Հետեւաբար, եթե կա հակամարտության կարգավորման ցանկություն, ապա կարգավորման հովանավորները կարող են լինել ավելի խիստ ու ակտիվ:
 
Ակնհայտ է, որ հենց Երեւանն է ամեն կերպ խուսափում Ղարաբաղի շրջակա տարածքներից իր եւ ԼՂՀ զինուժի դուրս բերումից (ղարաբաղյան գործընթացի չլուծված հակասությունների առաջին մասը հենց դա է):

Մոսկվան որպես Հայաստանի տնտեսական գործընկեր եւ ռազմական դաշնակից պետք է պարտադրի Երեւանին գնալ զիջումներին` միեւնույն ժամանակ ապահովելով անվտանգության անհրաժեշտ մակարդակ: Մոսկվան պետք է աջակցի տվյալ որոշման իրագործմանը:

Տվյալ հարցում Ռուսաստանի սխալն այն է, որ աջակցում է Հայաստանի պատրանքին, թե հիմնախնդիրը ժամանակի ընթացքում կվերանա, իսկ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառանալիքն ընդամենը քարոզչություն է:

Սակայն ակնհայտ է, որ ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ: Մոսկվան չի կարող կրճատել, կամ սահմանափակել Ադրբեջանի ռազմական ծախսերը: Ղարաբաղյան հակամարտության մասշտաբների համեմատ այդ միջոցները դառնում են հիրավի հսկայական` Հայաստանի բուջեն գերազանցող: Բաքուն փողերը քամուն չի տա. տարեկան 2,5 միլիարդ դոլար միայն պաշտպանության համար, տարեկան 7 միլիոն դոլար: Այս սպառազինման գործընթացը էական քաղաքական լծակ է, որն ամեն տարի ամրապնդում է Բաքվի դիրքերը: Այդ պատճառով հանգուցալուծումն անխուսափելի է: Երեւանը կարող է աչք փակել, սակայն Մոսկվան բարոյական իրավունք չունի իր դաշնակիցների միջեւ պատերազմի եւ նրանցից մեկի պարտությանը տանող ապակառուցողական պատրանքներ սնել: Այդպիսի պատրանքներից մեկը վերաբերում է Ռուսաստանի կողմից ռազմական աջակցությանը եւ Ղարաբաղում հնարավոր հակամարտության դեպքում ՀԱՊԿ-ի մասնակցությանը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի տարածքում (բռնազավթած տարածքներում եւ Ղարաբաղում) Հայաստանի ռազմական դաշնակիցների մանդատը չի գործում: Պետք է պաշտոնական, հրապարակային մակարդակում հստակ հնչեր, որ Ռուսաստանը չի կարող պաշտպան կանգնել Ղարաբաղին եւ սահմանափակել Ադրբեջանի ռազմական ծախսերը: Սա վերջնագիր չէ: Սա ավագ դաշնակցի հստակ դիրքորոշում է, որն օգնում է համակերպվել իրողությունների հետ եւ նվազագույնի հասցնել ապագա մարտահրավերների ռիսկերը: Ցավոք, Մոսկվան այդպես չի գործել:

3.Հասարակություններին երկխոսության պարտադրելու անհրաժեշտությունը

2008 թվականից ոչ միայն Դմիտրի Մեդվեդեւնի ժամանակն է զուր վատնվել, այլեւ լայն հասարակական երկխոսության հաստատման հնարավորությունը: Գիտակցելով ապառազմականացման եւ Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հետ կապված հիմնախնդիրները` Մոսկվան կարող էր կենտրոնանալ հայ-ադրբեջանական հասարակական երկխոսությունն ապահովող պարտավորությունների վրա: Կարելի էր փորձել պարտադրանքով ստիպել Բաքվին եւ Երեւանին գնալ այդ երկխոսությանը: Անհաջողության դեպքում, այն կարելի էր կազմակերպել հակամարտող կողմերից վեր, Ռուսաստանի տարածքում:

Առանց մտավոր եւ ֆինանսական ռեսուրսների հատուկ ծախսերի կարելի էր մշակել իրագործման համար պարտադիր եւ Մոսկվայի կողմից վերահսկվող միջոցների համակարգ` ուղղված հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության ամրապնդմանը, մշտական երկխոսությանը եւ հասարակական ու մշակութային ազգամիջյան հաղորդակցման ընդլայնմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ էթնիկ տոլերանտության մշակույթի ձեւավորման նպատակով նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարող էր դառնալ Ռուսաստանի տարածքում այդպիսի մշտական ֆորումի ստեղծման նախաձեռնողն ու գլխավոր քաղաքական համակարգողը: Բայց դա չի արվել:

Տեխնիկապես հնարավոր է ապահովել սոցիալական հաղորդակցության բարձր բազմամշակութային մակարդակ: Այն կարելի է նույնիսկ երկար ժամանակ պահել, մինչեւ այն չդառնա բնական: Այդպես եղել է Կովկասում մինչեւ խորհրդային արդիականացումը եւ, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդ պատճառով այդպիսի մոդելը հնարավոր է: Սակայն ինքն իրեն այն չի կայանա: Այդպիսի միջավայրը պետք է նախագծել եւ կյանքի կոչել: