Իրանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մաքսային համագործակցության զարգացման, ինչպես նաեւ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիների օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (IRICA) ղեկավար Մեհդի Միրաշրաֆին, գրում է Tehran Times-ը։

Միրաշրաֆին, ով կիրակի այցելել է Մոսկվա՝ միջազգային մաքսային համաժողովին մասնակցելու համար, նշել է, որ Իրանը դիվերսիֆիկացրել է իր միջազգային երթուղիները, եւ, հետեւաբար, ոչ մի երթուղի չի կարող սահմանափակումներ մտցնել երկրի միջազգային առեւտրի վրա։

Միրաշրաֆին նաեւ մատնանշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամների հետ անցկացված դրական բանակցությունները։ «Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է, եւ ձեռք բերված պայմանավորվածություններով մենք շուտով ականատես կլինենք այս միության անդամ երկրների հետ առեւտրային հարաբերությունների թռիչքին»։

Նշելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքների արտահանման եւ ներմուծման համար ցամաքային անցումների կարեւորությունը՝ պաշտոնյան ասել է. «Ծովային եւ ճանապարհային ենթակառուցվածքների շինարարության ավարտը եւ լրացուցիչ մաքսային ծառայությունների մատուցումը, հատկապես Կասպից ծովի տարածաշրջանում, կարող է մեծացնել առեւտուրը երկու երկրների միջեւ»։

Այս ամսվա սկզբին տրանսպորտի եւ քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլահ Խադեմին հայտարարել էր Իրանի եւ Հայաստանի միջեւ նոր տարանցիկ երթուղիների ստեղծման համաձայնագրի մասին, քանի որ երկու երկրները խնդիրներ ունեն Ադրբեջանի տարածքով առեւտրային փոխանակման հարցում:

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում իրանական բեռնատարների համար այլընտրանքային տարանցիկ երթուղի կասֆալտապատվի, եւ նախկին երթուղուց օգտվելու կարիք չի լինի, որն անցնում է Ադրբեջանի տարածքով եւ պահանջում է տուրքեր վճարել»,- ասել է Խադեմին։