Թուրքիայի ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել, որովհետեւ հարավկովկասյան պատերազմը միակը չէր, որը կապված էր Թուրքիայի հետ: Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնելով Լիբիայում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում Թուրքիայի ներկայության, Միջերկրականում ծովում խնդիրների, ներգաղթյալների մեծ թվի մասին, որոնց Անկարան պահում է ԵՄ սահմանների մոտ, նա նշել է, որ Եվրոպան փաստացի Թուրքիայի գերին է։
«Եթե այդ հազարավոր փախստականները մուտք գործեն Եվրոպա, ապա Եվրոպայի կայունության մասին խոսելը շատ դժվար կլինի»,-ասել է Սարգսյանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք Թուրքիան իրավունք ունի նեղանալու. տասնյակ տարիներ նրան Եվրոպական միություն չեն ընդունում, ՀՀ նախագահն ասել է․ «Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ նեղանալու համար պետք է վստահ լինել, որ ճիշտ առաջարկ ես արել: Եվրոպական միություն մտնելն ամուսնության կամ ընտանիք մտնելու պես է: Սակայն Թուրքիան պատրա՞ստ էր մուտք գործել այդ ընտանիք: Մեզ հետ պատերազմը Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շարունակություն էր՝ իրագործելով տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնալու ցանկությունը: Ուզենք, թե չուզենք՝ Թուրքիան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ է դարձել: Տնտեսական առումով Թուրքիան շատ ազդեցիկ է Վրաստանում: Այսօր Թուրքիան մեծ թափով մուտք է գործել Ադրբեջան: Հասկանալի է նման պատերազմից հետո թուրքական զինված ուժերի ազդեցությունը ադրբեջանական զինված ուժերի վրա, նա մեծ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ինքնիշխանության վրա, ազդեցություն ունի Ադրբեջանի տնտեսության, համապատասխանաբար՝ լոգիստիկայի, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ նավթատարների վրա, որոնք գնում են Բաքվից Թբիլիսի, Ջեյհան: Թուրքիան ռազմաքաղաքական առումով դարձել է ավելի ազդեցիկ: Մյուս կողմից, թուրքական տնտեսությունն աշխարհում ամենալավերից չէ: Ինչպես հայտնի է, շատ ներդումային ընկերություններ դուրս են գալիս Թուրքիայից: Տնտեսական անկումը փոխհատուցվում է մեծ ակտիվությամբ:Սակայն դա Թուրքիայի նախագահի ընտրությունն է»,-ասել է նա։




























