Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Վրաստանի խորհրդարանի որոշումը` Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու վերաբերյալ, եւ իր երախտագիտությունն է հայտնում նախագահ Սահակաշվիլիին, որ նա ընդառաջ գնաց ՀԱԵ-ին այդ հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռի մամուլի քարտուղար, Վահրամ քահանա Մելիքյանը` նկատելով, որ այդ գործընթացի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գարեգին Բ կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում:

«Այցի շրջանակներում Գարեգին Բ-ն եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պայմանավորվել են փուլ առ փուլ լուծել ՀԱԵ Վրաստանի թեմի եւ հայ համայնքի առջեւ ծառացած խնդիրները: Առաջին փուլում պետք է լուծվեր Վրաստանում եկեղեցուն կարգավիճակ տալու հարցը: Այդ կապակցությամբ Վրաստանի խորհրդարանը մի քանի ընթերցմամբ քվեարկել է օրինագծի օգտին»,- նկատել է Մելիքյանը:

Ինչ վերաբերում է վրաց պատրիարք Իլյա 2-րդի գնահատականներին, ըստ Մելիքյանի, նա դեռ այցի ընթացքում էր արտահայտվել հարցի քննարկումը հետաձգելու օգտին: Ըստ քահանայի, վրացական եկեղեցու անհանգստությունը կապված է ոչ այնքան հայկական եկեղեցուն եւ այլ ավանդական կրոններին, որքան աղանդներին, կրոնական կազմակերպություններին եւ հոսանքներին կարգավիճակ տալու հետ:

Հարցին, կլինի՞ արդյոք հաջորդ քայլը հայկական եկեղեցիների վերադարձը, քահանա Մելիքյանը պատասխանել է. «Հաջորդ քայլը ենթադրում է հայկական եկեղեցիների վերադարձ վրացահայ թեմին, որպեսզի թեմը կարողանա լիարժեք ծառայել հայ ժողովրդին: Տվյալ փուլում խոսքը գնում է վեց եկեղեցիների մասին»: