Երեւանյան փողոցում սնդիկի հայտնաբերման փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Նաեւ նշանակվել են փորձաքննություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն այսօր` հուլիսի 6-ին ժամը 10.32-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ավետիսյան եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված է սնդիկի նման անհայտ նյութ:

Դեպքի վայր մեկնած մասնագետները, հաստատել են, որ ճանապարհին թափված է սնդիկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը փակել էր ճանապարհի նշված հատվածը:

Այս պահին դեպքի վայրում են համապատասխան ծառայությունների մասնագետներ, որոնք իրականացրել են սնդիկի վնասազերծման (դեմերկուրիզացիայի) աշխատանքներ: