Հայաստանում ներկայումս Grand Orient De France ֆրանկոմասոնական օթյակի 15-20 անդամ կա։ Հուլիսի 6-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց այդ օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեն։

Նա ընդգծեց, որ օթյակում 50 հազար մասոն է հաշվվում, իսկ ամբողջ աշխարհում՝ 500 հազար։ Ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիայի ֆրանկո-մասոնները չեն ջանում թաքցնել իրենց ինքնությունը եւ հիմնականում զբաղվում են սոցիալական ուղղվածության գործունեությամբ։ Նրա խոսքով, Հայաստանի ֆրանկո-մասոնները չեն ցանկանում բացահայտվել, քանի որ դեռեւս չեն ձեւավորել իրենց օթյակը, եւ իր այցն ուղղված է հենց նրան, որպեսզի այդ հարցում աջակցություն ցուցաբերի հայ եղբայրներին։ Որպես ապացույց իր այն խոսքերի, թե ֆրանկո-մասոնները հրապարակային գործունեություն են իրականացնում, նա նշեց, որ իր այցի մասին տեղեկացվել է Հայաստանի նախագահը, ով եւ ողջունել է այդ փաստը։

Արսիզեի խոսքով, իր այցով ամենաշատն ուրախացել են հայկական սփյուռքի ֆրանկո-մասոնները, ովքեր շահագրգռված են Հայաստանում օթյակի ստեղծմամբ։ Սակայն դա, նրա խոսքով, 10-50 տարի կպահանջի։ «Ես Հայաստան եմ այցելել, որպեսզի հասկանամ՝ ինչով կարող են Եվրոպայի ժողովուրդներն օգնել այս հոգեւոր զարգացվածությամբ հնագույն երկրին»,- ասաց վարպետը: