Ֆրանկո-մասոնական օթյակը թարգմանաբար բառացիորեն նշանակում է կամավոր որմնադիրների օթյակ եւ ընդհանուր ոչինչ չունի այդ կազմակերպության մասին համաշխարհային հասարակության ունեցած միստիկ պատկերացումների հետ։ Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Grand Orient De France ֆրանկոմասոնական օթյակի մեծն վարպետ Գի Արսիզեն։

Նա ընդգծեց, որ Grand Orient De France-ը գործում է հրապարակայնորեն, զբաղվում սոցիալական հարցերով, մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ չի զբաղվում քաղաքական հարցերով։

«Օրինակ, մենք չենք համախմբվում նախագահների հրաժարականների կամ ընտրությունների կամ այլ գլոբալ քաղաքական հարցերի շուրջ։ Օթյակը լիարժեքորեն հարգում է մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ դավանանքի իրավունքի հարցում»,-նկատեց Արսիզեն։ Նրա խոսքով, օթյակ ընդունվելիս հաշվի չեն առնվում մարդու ոչ սեռը, ոչ ռասան, ոչ էլ տարիքը։ «Օրինակ, ես Աստծուն չեմ հավատում, սակայն ես սատանա չեմ»։

Նա նշեց, որ միստիկ ուղղվածություն եւ գաղտնիություն պահպանել է անգլոսաքսոնական մասոնական օթյակը, որը մի ժամանակ առանձնացել է դավանանքի հետ կապված հարցերի անհամաձայնության պատճառով։ Անգլոսաքսոնական օթյակը համարում է, որ կազմակերպության անդամներն անպայման պետք է հավատացյալներ լինեն։