Կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու մասին Վրաստանի խորհրդարանի որոշումը Հայ եկեղեցու հետ կապելն անգիտակից մարդկանց անպատասխանատու հայտարարություն է, կարծում է Վրաստանի խորհրդարանի մեծամասնություն կազմող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Նուգզար Ծիկլաուրին։
Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում վրացական ուղղափառ եկեղեցու թեմերի ղեկավարի խոսքերն այն մասին, որ Վրաստանի կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունն ուղիղ կերպով կապված է Հայ Առաքելական եկեղեցու ցանկության հետ, հայտնում է GHN-ը։
«Դա անգիտակից մարդու անպատասխանատու հայտարարություն է։ Այս հարցի շուրջ խոսակցություններ տարվում էին վեց տարի, եւ ես ամաչում եմ, որ խորհրդարանն այսքան ժամանակ չէր կարողանում լուծել կրոնական միավորումների կարգավիճակի հարցը»,- ասել է Ծիկլաուրին։
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքում եղած եկեղեցիների՝ հայկական կողմին հանձնելուն, ապա նա դրանում խնդիր չի տեսնում, քանի որ դա կորոշեն գիտնականները։ «Եթե որեւէ վանք իսկապես հայկական է, չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է խնդիր լինի, որ մարդիկ աղոթեն այդ տաճարում»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ Սուրբ Էջմիածինը ողջունել էր Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու որոշումը։




























