Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւն այսօր առաջին անգամ երկար ժամանակ անց պատմել է «Տերտերի գործի» մասին։ «Տերտերի գործ»-ով հաստատվում է 2017թ. մայիս-հունիսին ադրբեջանական բանակում հայրենիքի դավաճանության կասկածանքով հարյուրավոր զինծառայողների կտտանքների ենթարկելու փաստը, ինչի հետեւանքով զոհվել է 11 զինծառայող։

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Վելիեւի խոսքով՝ ռազմական դատախազության իրականացրած քննության ընթացքում պարզվել է, որ ռազմական դատախազության կողմից մինչեւ հետաքննության անցկացումը՝ մի քանի օրվա ընթացքում, պետական դավաճանության մեջ կասկածվող անձանց հանդեպ գործադրվել է ֆիզիկական բռնություն. «Արդյունքում՝ մեկ մարդ մահացել է մինչեւ մեր կողմից քրեական գործ հարուցելը։ Անձամբ ես, ինչպես նաեւ հանրապետության ռազմական դատախազի առաջին տեղակալը, քննությունը ղեկավարող Շաֆահաթ Իմրանովը, գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը, վարչության պետը եւ ուրիշներ մեկնել են տվյալ զորամաս։ Հաստատվել է, որ իսկապես զանգվածային կարգով զինծառայողների դեմ կիրառվել են կտտանքներ անօրինական ձեւով։ Ուստի, անմիջապես հարուցվել է քրեական գործ։ Իմ պահանջով պաշտպանության նախարարության բժշկական ծառայությունից եկել է բժիշկների մեծ բրիգադ, որոնք զննել են այնտեղ գտնվող մարդկանց»։

Վելիեւը նշել է, որ  մարդկանց մի մասը հոսպիտալացվել է Կենտրոնական հիվանդանոցում։ «Նրանց հանդեպ կիրառվել էր բռնություն, նրանց մեծ մասը փրկվեց։ Հարուցվել է քրեական գործ կտտանքների գործադրման փաստով։ Այս գործով 16 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության, իսկ այնուհետեւ՝ դատական պատասխանատվության եւ դատապարտվել երկարաժամկետ ազատազրկումների։ Նշված անձինք բողոքներ են ներկայացրել դատավճիռների հետ կապված, բայց ոչ վերաքննիչ դատարանը, ոչ Գերագույն դատարանը այդ բողոքները չեն ընդունել։ Դատարանները համարել են, որ քննչական մարմինները հիմնավորված եւ օրինավոր կերպով են նրանց ներկայացրել առաջադրված մեղադրանքները, ուստի դատավճիռները մնացել են ուժի մեջ»։

Խ.Վելիեւը նաեւ մեկնաբանել է սոցիալական ցանցերի եւ YouTube ալիքների քննարկումները՝ կապված այս գործի հետ։ Հիմնականում այդ քննարկումները կազմակերպում է Լոնդոնում ապրող փաստաբան Գուրբան Մամեդովը, որին Վելիեւը անվանել է հայկական արբանյակ։ «Գուրբան Մամեդովը եւ նրա նմանները այսօր դեռեւս գործիք են հայերի ձեռքում... Գուրբան Մամեդովը ինքն իրավաբան է, հիանալի գիտի, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում Ադրբեջանի Հանրապետությունում, որը արդիական օրենսդրություն ունի, ամեն բան վճռվում է օրենքով։ Հարուցված է քրեական գործ, վարվում է քննություն, մեղավոր անձինք ենթարկված են դատական պատասխանատվության։ Այդ գործերն ուսումնասիրվել են Ադրբեջանում առկա բոլոր դատական փուլերով։ Հաստատվել է, որ ինչպես պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանց, այնպես էլ այս եւ այլ մարդկանց հանդեպ ապօրինաբար կտտանքներ կիրառած անձանց համար կայացված դատավճիռները օրինական են։ Միայն կտտանքների գործով բացահայտվել է 102-103 մարդ։ Նրանց դեմ կիրառվել են ֆիզիկական բռնության միջոցներ։ Այդպիսի միջոցներ են կիրառվել ոչ միայն մեղադրյալների, այլեւ ուրիշների հանդեպ։ Քննության ընթացքում մենք պատասխանատվության ենք ենթարկել որոշ մարդանց, բայց հետո պարզել ենք, որ այդ մարդիկ մեղավոր չեն։ Ուստի նրանց քրեական գործերը դադարեցվել են»,- ասել է Խ.Վելիեւը։