Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ  Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։

Նա հավելել է, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այսօր նաեւ Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի հատվածում են ադրբեջանական կողմից կրակոցներ հնչել: Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, այլ «հեռվում մեկ-երկու կրակոց է լսվել, ամեն բան նորմալ է»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվել էին Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել էր ՊԲ 6 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Նույն օրը կրակոցներ էին եղել նաեւ Ասկերանի շրջանի Հարավ գյուղի հատվածում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Մարտակերտ քաղաքին հարակից այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից տրակտորի մեջ սպանվել էր նույն քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը: