Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել եւ գործում է էլեկտրոնային գրանցման եւ մեկ պատուհանի սկզբունքը: Առայսօր էլեկտրոնային գրանցումից օգտվել են 50 հոգի, ինչը չի գերազանցում գրանցված ձեռնարկությունների 10 տոկոսը, թեեւ համակարգը թույլ է տալիս գրանցումն իրականացնել 10-15 րոպեի ընթացքում:

Կառավարության նիստի ընթացքում տեղեկացնելով այդ մասին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կոռուպցիոն ռիսկերն այդ համակարգում ներկա պահին չեն գերազանցում 1.4 տոկոսը: Սակայն վարչապետը նշեց, որ դեռեւս կան դժգոհություններ, առաջանում են հերթեր: Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց քննարկել ռեգիստրի համար երկրորդ կետ բացելու խնդիրը, եթե մեկ կետը բավական չէ աշխատանքները առանց հերթերի կատարելու համար: