Միջազգային կառույցները բազմաթիվ շատ դրական ազդանշաններ են տալիս անվտանգության գոտու ստեղծման գաղափարին, բայց որոշ պաշտոնյաներ իրենց հայտարարություններով չպետք է խանգարեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ավելացրեց, որ հենարան է պետք պետության կողմից, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել այդ գիծը։ Թաթոյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԵԽԽՎ բանաձեւի դրույթներն արտացոլվեն այլ միջազգային փաստաթղթերում։ «Բայց օմբուդսմենը չի կարող ներկայացնել կառավարությունը։ Ես չեմ կարող նախաձեռնել արարողակարգային գործընթացներ։ Մենք միշտ պետք է առաջադրենք մարդու իրավունքների հարցերը։ Եթե մենք հաջողության հասնենք մարդու իրավունքների հարցերում, դա կհանգեցնի ուժեղացման քաղաքական եւ ռազմական հարցերում։ Պատկերացրեք, որքան է ուժեղացնում քաղաքական գործընթացները Հաագայի գործընթացը։ Փաստերը մեր կողմից են, կարող եմ ասել ամենայն պատասխանատվությամբ։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում է. այո, դա նրանց դիրքորոշումն է, եւ մինչեւ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը կարող ենք համարել Ադրբեջանի տարածք։ Չհասկացա՛։ Որտեղի՞ց վերցրին, որ դա իրենց տարածքն է։ Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ։ Բայց ինչո՞ւ անմիջապես հրաժարվեցինք այն ճանապարհից»,- ավելացրեց Արման Թաթոյանը։

Ճանապարհը կառուցել պետք է, բայց, ինչպես նկատեց օմբուդսմենը, ոչ նրա համար, որ Ադրբեջանն է պահանջել։ «Սահմանագծումն ու սահմանազատումը բանակցություններ են, գյուղերի փոխանակում եւ էլի շատ բան։ Այդ գործընթացի ինդիկատորը մարդու իրավունքներն են։ Կա հստակ միջազգային պահանջ, որի համաձայն՝ սահմանազատումը եւ սահմանագծումը չեն կարող համարվել լեգիտիմ, եթե դրանք չեն ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Իսկ եթե դիմենք պատմությանը, ապա բոլոր տվյալները վկայում են, որ պատմականորեն դրանք հայկական հողեր են։ Մենք մանրամասն ուսումնասիրել ենք քարտեզները, ադրբեջանական իշխանությունները միշտ օգտագործել են էթնիկական գործոնը  տարածքների օկուպացման համար։ Նրանք ասում էին, որ այստեղ ապրում են ադրբեջանցիներ, ուրեմն, սա Ադրբեջանի տարածք է։ Բանն անգամ այնտեղ հասավ, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը արդեն կասկածի տակ է դնում Հայաստանի՝ որպես պետության, գոյությունը։ Նա ասում է, որ պետք է ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ պարզել, թե ինչու են հայկական պետության ռուսերեն, անգլերեն, հայերեն անվանումները այդքան խիստ տարբերվում իրարից։ Մենք պետք է նկատի ունենանք այս խախտումները։ Այս խախտումների աղբյուրը Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն է։ Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները պատիժ չեն կրել հայերի հանդեպ ատելություն տարածելու համար, երաշխիքներ չկան, որ նման քաղաքականությունը չի շարունակվի ապագայում։ Մենք պատրաստում ենք հաշվետվություն, որտեղ ցույց կտանք, որ նման քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի ներքին խնդիրներից շեղելուն։ Ընդ որում՝ Հայաստանը երբեք ադրբեջանցի ժողովրդի հանդեպ ատելության քարոզչչություն չի վարել»,- ընդգծեց Արման Թաթոյանը։