Վրաստանում այսօր` հուլիսի 7-ի գիշերը ֆոտոթղթակիցների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել:

Ձերբակալվել է Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն եւ նրա կինը` Նատիա Գեդենիձեն, ով լրագրող է: Ձերբակալության մասին լուրը հաստատել է լուսանկարչի մայրը:

Ձերբակալվել է նաեւ european preesphoto agency-ի ֆոտոլրագրող Զուրաբ Քուրչիձեն, հաղորդում է Palitratv.ge-ն: 7 ոստիկաններ խուզարկել են Թբիլիսիի Վարկետելի թաղամասում գտնվող նրա բնակարանը, որտեղ լուսանկարիչը բնակվում է մոր հետ: Ֆոտոթղթակցի հարազատները հայտնել են, թե չգիտեն թե ուր են տարել նրան:

Ձերբակալվել է նաեւ Associated Press-ի լուսանկարիչ Շախ Այվազովը, հաղորդում է «GHN»-ը:

Ըստ տեղեկատվության ձերբակալվել են նաեւ լուսանկարիչներ Զուրաբ Կուրցիկիձեն, ԱԳՆ-ի ֆոտոթղթակից Գիորգի Աբդալաձեն եւ այլք:

Աբդալաձեի կինը` Նեստան Նեիձեն հայտնել է, որ գիշերը` ժամը 3-ի սահմաններում իրենց տուն են եկել իրավապահները եւ խուզարկություն են իրականացրել:

Նրանք վերցրել են ընտանիքի անդամների բոլոր բջջային հեռախոսները եւ համակարգիչները»,- ասել է նա, հավելելով, որ դեռ հայտնի չէ, ինչու են ձերբակալել իր ամուսնուն:

Սակայն հայտնի է դարձել, որ ֆոտոլրագրողներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 314 հոդվածով (լրտեսություն):