Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ ինձ համար չափից շատ հարգված Արծրուն Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օգնական Միքայել Միքայելյանը:
«Անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքի մեկնարկին»,-ասել է նա:
Արծրուն Հովհաննիսյանը ռազմական վերլուծաբան-փորձագետ է, ՀՀ ԶՈւ-ում ծառայում է 1997թ․ից, 2021-20թթ․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն էր, 2020թ․ մարտից հուլիս զբաղեցրել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի պաշտոնը, 2020թ․ հուլիսից 2021թ․ ապրիլ՝ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը։ 44-օրյա պատերազմում ներկայանալով որպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ամենօրյա ասուլիսներով, ճեպազրույցներով եւ օրվա ընթացքում ֆեյսբուքյան բազմակի գրառումներով ներկայացնում էր ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումները, շատերի համոզմամբ, այդ թվում՝ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի, բոլոր այդ օրերին մոլորեցրել է հանրությանը, կեղծելով իրական դրությունը, ամենօրյա «հաղթելու ենք» վստահեցումներով, թյուրիմացության մեջ գցել Հայաստանի բնակչությանն ու Սփյուռքի հայությանը, մեղադրել կասկածամիտներին, ընդդիմախոսներին, ներքաշվել նախկին եւ գործող իշխանությունների՝ սպառազինությունների ձեռք բերման համեմատությունների քաղաքական վեճում։ Պատերազմից հետո զորացրվել է, ԱՄՆ-ում զբաղվում իր «Ռազմարվեստ» գրքի շնորհանդեսով ու վաճառքով։
Ֆեյսբուքյան այսօրվա գրառման մեջ նա, մասնավորապես, նշում է․
«Պատերազմում եղել են ստորաբաժանումներ, որոնք չորս-հինգ օր անդադար մերձամարտի մեջ են եղել թշնամու հետ, ոչ միայն չեն նահանջել այլ նաև տվել են նվազագույն զոհեր։ Զոհերի կեսն էլ հրետակոծության արդյունքում, երբ փորձել են դաշտից վիրավոր հանել։
Այս ամենը գրվելու է, անմահանալու են այդ անունները»։
Զանց առնելով լրագրության կանոնները, Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ խոստանում է՝ «գրվելու է», «անմահանալու են», բայց կոնկրետ դրվագի տեղն ու ժամանակը, անունները չի նշում, պատերազմից մեկ տարի անց էլ հստակ չի նկարագրում իրադարձությունը, բազմահազար հետեւորդներ ունենալով՝ խնամքով չի շարադրում գրածն ու անփույթ է կետադրում։



























