Հայաստանում ժամկետային զինծառայողները պետք է նախապես հետազոտվեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով՝ ժամկետային զինծառայողների առողջական խնդիրները պետք է լուծվեն մինչ զինծառայության մեկնարկը։
«ՄԻՊ գրասենյակի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը զինծառայողների իրավունքների պաշտպանության եւ անվճար բժշկության ոլորտում խնդիրների լուծման շեշտադրումն է։ Խոսքը, մասնավորապես, նախկինում զորացրված քաղաքացիների մասին է»,- ասաց Թաթոյանը։
Բացի այդ, նա առաջարկեց համալիր դիտարկել զորակոչիկների հիվանդությունների համատեղելիությունը ծառայության հետ, այլ ոչ թե առանձին, ինչպես արվում է այսօր։
Թաթոյանը նաեւ առաջարկեց, որ հնարավորության դեպքում զինվորական հավաքների իրականացման ժամանակ ցուցաբերվի անհատական մոտեցում, քանի որ մարդկանց մոտ առկա են տարբեր տեսակի սոցիալական խնդիրներ՝ կապված վարկերի, երեխաների եւ այլնի հետ։
«Մյուս կետը զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց բնակարանային հարցի լուծումն է։ Պարզվում է՝ 20 եւ ավելի տարվա ստաժ ունեցող սպան ոչ միայն սեփական բնակարան չունի, այլեւ վարձով է ապրում։ Միեւնույն ժամանակ, նրանց տրված փոխհատուցումն ամբողջությամբ չի ծածկում վարձավճարը»,- ասաց Թաթոյանը։



























