Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից: Այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե աշխարհաքաղաքական ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց:

«Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, ինչպես նաև նոր մարտահրավերներ առաջ բերեց տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում։

Թեև նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, մասնավորապես՝ որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ինչպես նաև ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ վերոնշյալ օրակարգի շուրջ ակտիվ քննարկումներ սկսելու համար։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Նյու-Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպումը նշանկում է, որ խաղաղ գործընթացը վերսկվել է եւ ի՞նչ հեռանկարներ կան, Միրզոյանն արձագանքել է.

«Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։

Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:

Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ  կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է Միրզոյանը։