Հայաստանի կառավարության համար շարունակում է առաջնային խնդիր մնալ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը: Այս մասին Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Կրակի դադարեցումից հետո Հայաստան են վերադարձել 100-ից ավելի գերիներ: Այդուհանդերձ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին»,– ասել է նա։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողական աշխատանք է տանում գերիների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաեւ օգտագործում է բոլոր ձևաչափերը և առիթները՝ միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Միրզոյանը հիշեցրել է՝ Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև մի շարք երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին, իսկ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, խորհրդարանականներ տասնյակ իրավապաշտպաններ և իրավապաշտպան կազմակերպություններ (Human Rights Watch, Freedom House) բարձրաձայնել են խնդիրը։

«Հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում։ Նշեմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իրավական այս գործընթացին»,– ասել է նա։