Հայաստանը հետեւողական է լինելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնման եւ պաշտպանության հարցում: Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը։

Նրա խոսքով` երկրի իշխանությունները բոլոր ջանքերը կգործադրեն՝ Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքը երաշխավորելու համար: «Անցյալ տարվա աշնանը Ղարաբաղի եւ դրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պլանների հետ կապված Երեւանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը շարունակում է մնալ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության, կայունության հաստատումը եւ շրջափակման վերացումը»,- ասաց Գեւորգյանը։

Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման մասին, ըստ փոխնախարարի, բազմիցս խոսվել է։ Այդպես, պաշտոնական Երեւանի կարծիքով, միակ ձեւաչափը, որն ունի միջազգային մանդատ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորում՝ հիմնված հայտնի սկզբունքների եւ տարրերի վրա, ինչը Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցում է ենթադրում` հաշվի առնելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացումը հնարավոր է միայն այս ձեւաչափով: Նա այս փուլում առաջնահերթ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը։ Առաջնահերթ է համարվում նաեւ մարդասիրական խնդիրների լուծումը, այդ թվում՝ բոլոր գերիների վերադարձը, անհայտ կորածների, ինչպես նաեւ բռնի անհետացման զոհ դարձած անձանց ճակատագրի պարզաբանումը։
Առաջնահերթություն է նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանումը։

«Հայաստանը հետեւողական է լինելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնման եւ պաշտպանության հարցում, կներդնի բոլոր ջանքերը՝ երաշխավորելու նրանց հայրենիքում ապահով եւ արժանապատիվ կյանքի իրավունքը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Հայկական դիվանագիտության առաջնահերթությունների թվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը։ Վահե Գեւորգյանը հաստատել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել միջազգային հանրության` ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին։